Լեհաստանը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու համար՝ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներին հասանելիության դիմաց։ Այդ մասին չորեքշաբթի «Տրոյկա» ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նշելով, որ Վարշավան կցանկանար հնարավորինս շուտ ավարտել այդ բանակցությունները։
Լեհ նախարարի խոսքով՝ ՄիԳ-29 կործանիչները որոշ ժամանակ անց այլևս չեն լինի երկրի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ՝ իրենց ծառայության ժամկետի ավարտի պատճառով։ Իր հերթին, Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պարզաբանել է, որ ինքնաթիռների հնարավոր փոխանցումը Կիևին պայմանավորված է խորհրդային ժամանակաշրջանում մշակված այդ հնացած մոդելների արդիականացման հեռանկարի բացակայությամբ։ Գլխավոր շտաբը նաև հաստատել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններում քննարկվում է ընտրված անօդաչու թռչող սարքերն ու հրթիռային տեխնոլոգիաները Վարշավա տեղափոխելու հարցը։
Լեհաստանը նախատեսում է իր շահագործումից հանված ՄիԳ-29-ները փոխարինել ամերիկյան F-16-ներով և հարավկորեական FA-50 կործանիչներով։ Վարշավան նաև ակնկալում է Միացյալ Նահանգներից ստանալ 32 F-35 կործանիչ։
Լրատվամիջոցների համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի սպառազինության մեջ ներկայումս կա 14 ՄիԳ-29 կործանիչ։