ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները ինչպես Միջազգային քրեական դատարանի դատավորների, այնպես էլ դատարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ, եթե Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գործողությունների հետ կապված միջադեպերի նախաքննությունը չդադարեցվի։
Վաշինգտոնը նաև պահանջել է դադարեցնել Իսրայելի առաջնորդների և նրանց գործողությունների նախաքննությունը Գազայի հատվածում հակամարտության ժամանակ։ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն արդեն համապատասխան պահանջներ է ներկայացրել Միջազգային քրեական դատարան։ Այդ մասին տեղեկացրել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյայի:
Դիտարկվում է նաև Հռոմի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հավանականությունը, որոնք անհնարին կդարձնեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումը։ Սակայն գործակալությունն ընդգծել է, որ նման փոփոխությունը կպահանջի Հռոմի ստատուտը վավերացրած 125 անդամ պետության երկու երրորդի աջակցությունը, ինչը զգալիորեն կբարդացնի գործընթացը:
Մտավախություն կա, որ դատարանի դեմ պատժամիջոցները կարող են զգալիորեն խոչընդոտել կառույցի աշխատանքը, այդ թվում՝ հասանելիությունը բանկային ենթակառուցվածքներին և ծրագրային ապահովմանը: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ լուծում կարող է լինել «Հռոմի ստատուտում փոփոխությունը, որում պետք է հստակ նշվի, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի»:
Գործակալությունը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ պատճառով կարող է ՄՔԴ-ն հետապնդումներ նախաձեռնել Թրամփի նկատմամբ, սակայն ուշադրություն է հրավիրում այն հարվածների վրա, որոնք ԱՄՆ-ն հասցնում է Կարիբյան ծովում նավարկող նավերին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատրվակով: