Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ իրականացվող մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ Հայաստանում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում։
Աներկբա է, որ բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք՝ պատասխանատվություն կրեն։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Ստանձնած պոզիտիվ պարտականությունների շրջանակում պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում: Ուստի օրակարգային անհրաժեշտություն է և այն, որպեսզի լրջագույն փոփոխություններ կատարվեն հանրային գործունեության մշակույթի, այդ թվում` հանրային խոսույթի տրամաբանության բնագավառում:
Նշվածի հաշվառմամբ՝ Պաշտպանը վերստին հաստատում է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ՝ բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։
Պաշտպանն ընդգծում է, որ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, և դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։