Քենիայում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում այսօր առաջին անգամ ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ համաժողովի՝
#CoP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը։
«Սա կարևոր մեկնարկ է
#CoP17-ը Երևանում հյուրընկալելու ճանապարհին։
Այս տարբերանշանը միայն պատկեր կամ ձևակերպում չէ։ Այն կրում է մեր միասնական տեսլականը՝ նպատակների ամբողջականության և համատեղ պատասխանատվության մասին։ Հայաստանը պատրաստվում է ընդունել կենսաբազմազանության համաշխարհային համայնքին հստակ համոզմամբ, որ ժամանակն է խոսքերը վերածելու իրական գործողությունների, իսկ համագործակցությունը՝ համակարգային փոփոխությունների։
#CoP17-ի ընթացքում մեր առաջնահերթությունը կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրական և չափելի իրականացումը՝ ազգային քաղաքականությունների, ծրագրերի և գործնական քայլերի մակարդակով։
Միաժամանակ մենք կարևորություն ենք տալիս իրականացման ամբողջ գործընթացի ներառականությանը՝ ապահովելով, որ բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները, կանայք, երիտասարդները, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները լինեն լիարժեք գործընկերներ այս գործընթացում։
Հայաստանի նախագահության ներքո
#CoP17-ը նպատակ ունի ամրապնդել սիներգիաները կենսաբազմազանության, կլիմայի և հողային ռեսուրսների պահպանության ոլորտներում՝ նպաստելով քաղաքականությունների փոխլրացմանն ու գործնական արդյունքներին։
Այս ամենը միավորում է մեկ հստակ ուղերձի ներքո՝ ժամանակն է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ։
Պաշտոնապես ներկայացնելով
#CoP17-ի տարբերանշանն ու կարգախոսը՝ համոզված եմ, որ դրանք կդառնան մեր միասնական ջանքերի խորհրդանիշը՝ Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման և բնության հետ ներդաշնակ ապրելու խոստումի ճանապարհին։
Սիրով սպասում ենք բոլորին Հայաստանում՝ միասնական և վճռական՝ գործելով հանուն բնության»,- ասել է նախարարը։