Ուրախ եմ արձանագրել, որ նոյեմբեր ամսվա արդյունքներով Հայաստանի զբոսաշրջային հոսքերը բացարձակ ռեկորդ են գրանցել. տարվա կտրվածքով մենք չունենք բացարձակ ռեկորդ, բայց ամիսների կտրվածքով մենք արդեն քանի ամիս բացարձակ ռեկորդ ենք գրանցում։ Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել, որ դա միանշանակ և աներկբա խաղաղության օրակարգի առաջմղման արդյունքն է, որովհետև այդ պրոցեսը սկսվեց այն բանից, երբ մարտի վերջին մենք Ադրբեջանի հետ հայտարարեցինք խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, կոնսենսուսի հասնելու վերաբերյալ և բանակցությունները հաջողությամբ ավարտելու վերաբերյալ: Այդ պահից սկսած՝ մայիս-հունիս-հուլիս-օգոստոս, եթե չեմ սխալվում՝ նաև մյուս ամիսներին, մենք զբոսաշրջային հոսքերի ռեկորդ ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ, պատկերը դա է եղել»,- նշեց նա։
Անդրադառնալով փոքր ավիացիայի զարգացման խնդրին՝ վարչապետը նշեց.
«Ցանկացած ուղղություն զարգացնելու համար կոմերցիոն տրամաբանությամբ շահառուների առկայությունն է, որովհետև երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան կամ որևէ տեղ, ուզում է ճամփորդել, նրա առաջնային խնդիրն է, որ զուտ տեղափոխության վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսի և հնարավորինս քիչ ժամանակում հնարավորինս շատ տեղեր կարողանա գնալ: Դա բազային իրավիճակ է, որի կոմերցիոն հիմքի վրա կարող է զարգանալ փոքր ավիացիան։ Դա պարզ թեմա չէ, ես ընդամենը արձանագրում եմ, որ մենք այդ թեմայի վրա աշխատում ենք, այդտեղ բազմաթիվ հարցեր կան, և չենք բացառում պետական, մասնավոր համատեղ ներդրումների մոդելը, որովհետև կարող է միայն մասնավորի համար այդ ներդրումային ծավալը կրելի չլինել, իսկ պետական հատվածի ներդրումը կարող է վերադարձելիության կամ արդյունավետության առումով խնդրահարույց լինել, այնպես որ, կփորձենք այս ուղղությամբ պետական-մասնավոր գործընկերության որոշ բանաձևեր գտնել։
Հիմա մշակում ենք այդ բանաձևերը մասնավոր հատվածի ներգրավմամբ: Պրոցեսը դանդաղ է գնում, որովհետև մեզ համար բացարձակապես անծանոթ թեմա է, մենք նոր ենք մտնում այդ թեմայի մանրամասների մեջ, բայց դա մեր հետաքրքրությունների տիրույթում է։ Դա կարևոր է մեր երկրի հանրային, տնտեսական, սոցիալական կյանքի համար։ Օրինակ՝ ես ինքս մի քանի անգամ օգտվել եմ Երևան-Կապան չվերթից, եղել եմ այդ չվերթի առաջին ուղևորը։ Երբ օդանավով մեկնում ես Կապան և վերադառնում, կյանքի շատ էական փոփոխություն է, որովհետև կարելի է գնալ Կապան, դուրս գալ քաղաք, զբոսնել, այնտեղ մի քանի ժամ աշխատել, շփվել, զբոսնել, վերադառնալ Երևան և դեռ ժամանակ ունենալ ընտանիքի հետ անցկացնելու։ Մյուս ռեժիմով պետք էր 4-5 ժամ ճանապարհ գնալ, 4-5 ժամ վերադառնալ. 6-7 ժամի խնայողություն է»։