Հերթական տեխնիկական զննության մեջ է օդանավը, նաև այս ընթացքում աշխատում են, որ մինչև տեխնիկական զննության ավարտն այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել, և թռիչքները կշարունակեն, որևէ խնդիր չկա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի դիտարկմանը, թե Կապանի օդանավակայանի թռիչքների մասով լիցենցիայի, ինքնաթիռի հետ կապված տեղեկություններ են տարածվում:
Ըստ Փաշինյանի՝ պետք է մտածել նաև կոմերցիոն հետաքրքրության թռիչքների մասին, քանի որ մինչև հիմա թռիչքները սուբսիդավորվող են եղել, նաև ուղևորահոսքերը մեծացնելու խնդիր կա:
«Ընդհանրապես փոքր ավիացիայի զարգացումը մեր ծրագրերի մեջ է մտնում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին ուսումնասիրվում են Սյունիքում, Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավում, Գավառում, Բերդ խոշորացված համայնքում օդանավակայանների հնարավորության հարցը: Փորձ է արվում նաև մասնավոր ներդրումներ ներգրավել:
Պատգամավորի դիտարկմանը, թե Սյունիքում ներդրում է պետք, որպեսզի զբոսաշրջիկների հոսք լինի դեպի մարզ, և մարզում էլ զարգանա զբոսաշրջությունը, Փաշինյանն արձագանքեց. «Վստահեցնում եմ, որ Սյունիքը զբոսաշրջային գոտի դարձնելու ավելի մեծ ներդրում, քան խաղաղությունն է, հնարավոր չէ անել, որովհետև Սյունիքի զբոսաշրջային հոսքերի պատճառն այն չէ, որ այնտեղ ճոպանուղի չկա, չնայած կա, այլ այն է, որ դեսպանատներն ամիսը 3 անգամ հայտարարում են՝ հանկարծ չգնաք Սյունիք: Այսինքն՝ մենք հիմա խաղաղության այնպիսի ներդրում ենք արել Սյունիքի զբոսաշրջային ոլորտում, որ 20 ճոպանուղի կառուցելու հնարավորություն ենք տվել»:
Փաշինյանը հիշեցրեց՝ Սյունիքում ներդրումներ են արվել ճանապարհների վերականգնման, ինչպես նաև զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար:
«Առավել ևս ու հատկապես Սյունիքի պարագայում խաղաղությունից ավելի մեծ ներդրում ո՛չ գործականում, ո՛չ տեսականում հնարավոր չէ, էլ չեմ ասում »TRIPP ուղի» նախագծի մասին, որն իր հետ բերելու է զբոսաշրջային հոսքեր ու ներդրումներ»,- ասաց նա: