Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը Մայր Աթոռում, և ոչ միայն Կտրիճ Ներսիսյանի: Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ծավալվող իրադարձությունները կարող են վնասել ՀԱԵ-ն:
«Դա ուղղակի պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը: Մենք ասում ենք՝ պրոցես է սկսվել, և նա պետք է գնա այդտեղից: Այսինքն՝ այստեղ ընտրության հարց չէ՝ կտա՞ հրաժարական, թե՞ չի տա հրաժարական. նա պետք է գնա այդտեղից»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ իսկ գուցե Փաշինյանը հանդիպեր Գարեգին Բ-ի հետ, և հարցն ավելի հեշտ լուծվեր, վարչապետն արձագանքեց. «Ես հրապարակային գործիչ եմ, և կուլիսային գործելակերպը չի մտնում իմ աշխատելաոճի ու գործելաոճի մեջ: Ես թափանցիկ կերպով արտահայտում եմ այն, ինչ ասացի»:
Ինչ վերաբերում է ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀԱԵ-ի շուրջ ստեղծված աղմուկին, Փաշինյանը մեկնաբանեց՝ աղմուկը առողջացնող աղմուկ է:
«Ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից խուսափեն և հրապարակային քննարկումներից խուսափեն:
Ես ասացի, որ Կտրիճ Ներսիսյանի հետ ես շփվելու, խոսելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, և այդ խոսակցություններից իմ ստացած տպավորությունն է, իմ համոզմամբ, պատճառը, որ նրա ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում ՀԱԵ-ին:
Ինչպես երեկ առիթ ունեցա ասելու, իմ՝ ժամեր, օրեր տևած խոսակցության ընթացքում, ոչ մի անգամ որևէ անդրադարձ չի եղել հոգևոր թեմաների: Ես ինձ իրավունք չեմ վերապահել իր ներկայությամբ ինքս այդ թեմաներին անդրադարձ կատարեմ, իսկ ինքն էլ անդրադարձ չի կատարել, որովհետև դա իր հետաքրքրությունների տիրույթում պարզապես չկա»,- ասաց նա: