Կարող ենք արձանագրել, որ թե՛ դիմելիության, թե՛ մասնակցության ցուցանիշներով կամավոր ատեստավորման համակարգը կայացել է և զարգանում է: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով 2025 թվականի՝ ամփոփման փուլում գտնվող կամավոր ատեստավորման ցուցանիշներից:
«Այս տարի ատեստավորմանը մասնակցության համար դիմել էր ավելի քան 8400 հոգի: Նրանցից ավելի քան 7200-ը կամ 84 տոկոսը [նախկինում] մասնակցել են: Այս պահին դեռևս բողոքարկումների փուլում ենք, բայց, բողոքարկումների արդյունքներն էլ դեռևս չհաշվարկելով, 67,2 տոկոսը դրական է հաղթահարել ատեստավորման գործընթացը: Խոսքը շուրջ ևս 4852 հոգու մասին է, որոնցից ավելի քան 2870-ն առաջին անգամ է մասնակցել ատեստավորմանը և դրական արդյունք ունի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ, նախնական արդյունքներով, շուրջ 9200 ուսուցիչ կամավոր ատեստավորված է և ունի վարձատրության բարձրացում: Սա նշանակում է, որ ամեն 3-րդ ուսուցիչն այս պահին կամավոր ատեստավորված է արդեն: Այս թիվը բողոքարկումներից հետո կարող է աճել»,- ասաց նա:
Նախարարը նաև հիշեցրեց՝ նախորդ տարվանից ատեստավորումն էլեկտրոնային եղանակով է իրականացվում, և որ այս տարի բողոքարկումը ևս էլեկտրոնային ձևաչափով է իրականացվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հասկացա, որ նման ցուցանիշ նախկինում չենք ունեցել, երբ ատեստավորման շրջափուլում դրական արդյունք արձանագրածների այդքան մեծ թիվ լինի, որովհետև ես հիշում եմ ի սկզբանե շատ փոքր թվեր:
Սա նշանակում է, որ պրոցեսները շրջանցել են, և ուսուցիչներն իրենք էլ ավելի պատրաստված են գալիս, որ ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենք իրենց, և դա արդեն իսկ մեր կրթական որակի վրա ունենալու է պոզիտիվ ազդեցություն, որովհետև իմ ընկալումն այն է, որ հնարավոր չէ սովորեցնել առանց սովորելու»: