Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սպասում են Ռուսաստանում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակության ազդանշաններին։
«Դրանցից կախված են մեր հետագա քայլերը: Եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է՝ շատ շուտով հանդիպենք ամերիկյան պատվիրակության հետ»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: Նրա խոսքով՝ եթե հասկանան, որ գլոբալ և արագ որոշումներ կայացնելու հնարավորություն կա, ապա բանակցությունները կանցնեն բարձրաստիճան մակարդակով:
«Մենք աջակցում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի: Սակայն հարկավոր է երաշխավորել, որ մեկ տարի անց Ռուսաստանը կրկին չներխուժի»,- շարունակել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հավելել է՝ հասկանում է, որ հեշտ լուծումներ չեն լինելու, սակայն առանց Կիևի ոչինչ չի կարող որոշվել: Նա ևս ընդունել է, որ այժմ ամենախնդրահարույցը տարածքների և անվտանգության երաշխիքների հարցն է:
Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան կշարունակի նոր պատրվակներ փնտրել՝ պատերազմելու համար, և կոչ արել Վաշինգտոնին ճնշում գործադրել ռուսական կողմի վրա: