ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Զորականի միջադեպին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսում կառավարությունը այդ բարքերը կանխելու համար:
«Ինչո՞ւ է այդ դեպքը տեղի ունեցել. պետք է առերեսվել և ասել՝ այն տեղի է ունեցել այդ թվում այն պատճառով, որ այդ թվում ձեր գողական համայնքի ղեկավարներից մեկը կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիում շատրվանը միացնում է Доля воровская երգով: Ես հիշում եմ ազդարարման համակարգը, որ քննարկվում էր, ձեր խմբակցության պատգամավորն ասում էր «գործ տալու» մասին օրենքի նախագիծ եք ընդունում: Այն պատճառով է, որ Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ: Մեր հանձնառությունն է՝ պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել այդ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու համար:
Դա գալիս է նրանից, որ տղա երեխաները, հենց լեզուները բացվում են, ցավոք, Հայաստանում շատ տեղեր առաջին բառը, նույնիսկ երբեմն մամա-պապայից առաջ, հայհոյանք ենք սովորեցնում, հետո ազգուտակով հավաքվում ծափ տալիս: Բա ի՞նչ է լինելու դրա վերջը, դա է լինելու: Իհարկե, ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է էդ հարցերով զբաղվենք, և՛ ԿԳՄՍՆ-ն, և՛ ՆԳՆ-ն, և՛ քննչական մարմինները, և այդպես շարունակ: Սոցցանցերի էս իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում: Բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ: Ընդամենը օրեր առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների՝ սոցցանցերի հասանելիությունը, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք:
Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը ընդհանրապես պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ: Դա է լուծումը. բոլոր տեղերում՝ քաղաքականության մեջ: Մենք այսօր քաղաքական ուժեր ունենք, որ ընտրություններում ապավինում են քրեական ենթամշակույթին և այդ շրջանակներին, և սա պրոբլեմ է»,- նշեց վարչապետը: