2026 թվականի հունվարի 1-ից հետախուզությունն այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը:
«Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում կվճարվի ամսական հատուցում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
Կհստակացվեն ծառայողին՝ առողջական վիճակով պայմանավորված, ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները:
ԶՈՒ-ում, ոստիկանությունում, ՓԾ-ում և ՊՊԾ-ում նախկինում ծառայած ու հետագայում ԱԱԾ մարմիններ ծառայության ընդունված անձանց հերթական կոչումը շնորհելիս այդ մարմիններում տվյալ կոչումով նախկին ծառայության ժամանակահատվածը հաշվի կառնվի հերթական կոչումը շնորհելիս»,- ասաց նա: