Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի կետի, երբ սպառնում է Սև ծովում անվտանգությանը:
«Մեր տնտեսական գոտում կոմերցիոն նավերի խոցումը վկայում է էսկալացիայի մասին»,- նշել է Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի ափերի մոտ թիրախավորել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» երկու լցանավ, որոնք ռուսական նավթ տեղափոխելու համար ներառված են Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։ Ուկրաինան նախկինում ևս հարվածել է Սև ծովում ռուսական լցանավերի, սակայն ո՛չ թուրքական ջրերում:
Կաբինետի նիստում Էրդողանը խոսել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի մասին: Նրա խոսքով՝ չնայած առկա խոչընդոտներին՝ եվրաինտեգրումն Անկարայի ռազմավարական առաջնահերթությունն է: