Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածի, սռնիների, բեռնվածքի և եզրաչափերի չափորոշիչների համապատասխանեցումն անդամ երկրներում գործող նորմերին կդյուրացնի ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներով բեռնափոխադրումների իրականացման գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 2-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով մեր երկիրը նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող իրավակարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գործող նորմերին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառումը:
«Համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների փոխադրողների համար հավասար պահանջների սահմանմանը, միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, ծանրաքարշ և եզրաչափերը գերազանցող բեռների չափորոշիչների ներդաշնակեցմանը և վարչարարության պարզեցմանը»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը:
Վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: