Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուռոգատների միջոցով, այսինքն՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և լրագրողների միջոցով, գալ և բանավիճել կամ լռել առհավետ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 2-ի հայտարարությունների ժամին հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված բանակցային փաստաթղթերին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, ասել էր՝ հրապարակե՛ք բանակցային փաստաթղթերը:
«Դե ինչ, սիրելի՛ երեք նախագահներ՝ այսպես կոչված, բանակցային փաստաթղթերը այսօր հրապարակվեցին, և, ըստ էության, դուք կա՛մ պետք է գաք Փաշինյանի հետ բանավեճի, կա՛մ լռեք առհավետ, կա՛մ խայտառակ լինեք: Բայց իրականում այդ խայտառակ լինելը բոլոր դեպքերում է լինելու, որովհետև որ գաք, էլի խայտառակ եք լինելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։