ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպման շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ ժողովրդի զավակի՝ խորհրդային հայտնի ծովակալի հուշարձանի բացումը երկու երկրների և ժողովուրդների ընդհանուր պատմության, ինչպես նաև ազատությունն ու խաղաղությունը պաշտպանողների հիշատակի նկատմամբ խոր հարգանքի խորհրդանիշ է:
«Հովհաննես Ստեփանի Իսակովի անունը հավիտյան մտել է նավատորմի պատմության մեջ և դարձել համազգային հիշողության մի մասը որպես անսասանության խորհրդանիշ, որը սերունդների է ոգեշնչել և շարունակում է ոգեշնչել»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Նա ընդգծել է, որ Հովհաննես Իսակովը ոչ միայն տաղանդավոր զինվորական հրամանատար և գիտնական էր, այլև իսկական հայրենասիրության, քաջության և հավատարմության մարմնացում:
«Նրա կյանքը խորհրդանշում է անձնազոհ ծառայությունը հայրենիքին և օրինակ է այն բանի, թե ինչպես պատիվը, պարտքը և գործին նվիրվածությունը կարող են դառնալ ուղեցույց սերունդների համար: Թող այս հուշարձանը լինի անսասան ոգու խորհրդանիշ, ինչպես նաև հիշեցում այն մասին, որ հայրենիքի համար կատարված սխրանքը ժամանակ չի ճանաչում»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
«Հայ ժողովրդի մեծ զավակ Իվան Ստեփանի Իսակովն իր ամբողջ կյանքի ընթացքում հայրենիքին իսկական ծառայության, զինվորական և սպայական պարտքի օրինակ է ծառայել: Կարծում եմ, որ Կրոնշտադտում կիսանդրու բացումը եւս մեկ ապացույց է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև պատմական կապերի ամրության և անխզելիության»,- ընդգծել Է իր ելույթում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հովհաննես Իսակովը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի և Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը։ Արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով: