Թբիլիսիում զանգվածային բողոքի երթեր են անցել:
Քաղաքացիները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշներ և շարժվել դեպի խորհրդարանի շենք, որի դիմաց անցած տարվանից հակակառավարական ցույցեր են: Երթին մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև ցույցերի ընթացքում բանտարկված քաղաքացիների հարազատներ։
Մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով բանակցությունները օրակարգից հանելու մասին, ինչին հետևել էին ցույցերը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը զեկույց է ընդունել, որի համաձայն՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է:
Ըստ փաստաթղթի՝ Հանրապետությունում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղհասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը վիզային նոր մեխանիզմ կներդնի Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար: