Լուվրը որոշել է 2026 թվականից ոչ ԵՄ անդամ երկրներից այցելուների համար մուտքի գինը բարձրացնել 45%-ով։ Հունվարի 14-ից սկսած՝ այն պետությունների քաղաքացիները, որոնք ներառված չեն Եվրոպական տնտեսական գոտում, պետք է 32 եվրո վճարեն աշխարհի ամենաշատ այցելվող թանգարան մուտք գործելու համար, ինչը ներկայիս գնից 10 եվրոյով ավելի է։ ԵՄ երկրներից բացի, դա չի վերաբերում Իսլանդիային, Լիխտենշտեյնին և Նորվեգիային:
Լուվրի տնօրենների խորհրդի հաստատած գների բարձրացումը հիմնականում կազդի Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից զբոսաշրջիկների վրա: Ըստ թանգարանի 2024 թվականի գործունեության հաշվետվության՝ ամերիկացիները կազմում են օտարերկրյա այցելուների ամենամեծ խումբը, չինացիները զբաղեցնում են երրորդ տեղը:
Անցյալ տարի Լուվրն ընդունել է 8,7 միլիոն այցելուի, որոնց 69%-ը եղել է արտասահմանցի։
Գնի բարձրացումից նախատեսված է ստանալ տարեկան մինչև 20 միլիոն եվրո, որը կծախսվի «կառուցվածքային խնդիրները» լուծելու և արվեստի թանգարանի վերանորոգման համար: