ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամ Սառա Բեքստրոմը, որը վիրավորվել էր Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից, մահացել է հիվանդանոցում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, հայտնում է AFP-ն։
Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից վիրավորված Ազգային գվարդիայի երկրորդ անդամը՝ 24-ամյա Էնդրյու Վուլֆը, «պայքարում է իր կյանքի համար» և գտնվում է «շատ վատ վիճակում»,- ասել է Թրամփը։ Սակայն ձերբակալված կրակողի մասին, որը լուրջ վիրավորում էր ստացել պատասխան կրակից, չի հիշատակվել։
Վաշինգտոնում Ազգային գվարդիայի անդամների մասնակցությամբ հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի կեսօրին՝ Սպիտակ տան մոտ գտնվող Ֆարագուտ հրապարակում։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ մի տղամարդ առանց նախազգուշացման կրակ է բացել հերթապահ զինվորների վրա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը` 29-ամյա Ռահմանուլլան, ԱՄՆ է մուտք գործել 2021 թվականին Աֆղանստանից, որտեղ նախկինում համագործակցել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։ Դրա շնորհիվ էլ տղամարդը Միացյալ Նահանգներ տեղափոխվելու իրավունք է ստացել Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալուց և երկրում «Թալիբան» իսլամիստական շարժման իշխանության վերադարձից հետո: CNN-ի տվյալներով՝ 2024 թվականին կասկածյալը ապաստան է խնդրել ԱՄՆ-ում և այն ստացել է 2025 թվականի սկզբին։