«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հունվարի 15-ին բանավեճի է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ թեմային:
Նա նշեց, որ այդ բանավեճն այսպես թե այնպես տեղի է ունենալու, եթե Արման Թաթոյանը մասնակցելու է ընտրություններին:
«Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ: Խնդիրը կայանում է կարգավիճակների մեջ: ՀՀ գործող վարչապետը պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարների հետ բանավիճի, ովքեր ասում են՝ ես պատրաստ եմ քո հետ բանավիճե՞մ: Ասենք՝ այսօր Թաթոյանը կառաջարկի, վաղը ինչ-որ 2 հոգանոց կուսակցություն կառաջարկի: Պետք է տրամաբանություն: Ես էլ Թրամփին կամ Պուտինին կանչե՞մ բանավեճի: Երբ Թաթոյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում: Ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունն ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ իր բոլոր հարցերը վարչապետին կտա: Իր պես հարյուրավոր մարդիկ կան, որ ցանկություն կունենան բանավիճելու»,- ասաց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է նախկին նախագահների՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր հայտարարությանը, ապա Ալեն Սիմոնյանը նշեց. «Շատ հետաքրքիր քարոզարշավ և պայքար կլինի, եթե իր նշած նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը երբևիցե ՀՀ նախագահ իմ համար չեն կարող համարվել, որովհետև ընտրությունների արդյունքները որևէ մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրենք չմասնակցեն, մենք միգուցե շատ ավելի լավ ընդդիմություն ունենանք ՀՀ-ում, քան հիմա, բայց իրենք դա չեն անի, որովհետև մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների և բդեշխների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ: Բայց շատ լավ գաղափար կա. ես պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բանավեճի. տեսնենք՝ իրենք կվախենա՞ն, թե՞ չեն վախենա: Իրենք երկրի գործող ղեկավար չեն. հիմա ինքը հավակնություն ունի՝ գործող ղեկավարի է կանչում, թող դեռ չգործող նախկին ղեկավարների կանչի, տեսնի՝ կիջնե՞ն իր մակարդակին, կգնա՞ն այդ բանավեճին, նոր հետո կխոսենք»:
Ինչ վերաբերում է այն հնարավորությանը, թե արդյոք Արման Թաթոյանը նախկին նախագահների ընտրությանը չմասնակցելու պարագայում կարող է հեռացնել իշխանությանը, Սիմոնյանն ասաց. «Եթե պարոն Թաթոյանը այդքան ձայն կհավաքի, կարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ, հնարավոր է, կարող է և ինչ-որ ընտրությունների ժամանակ հաղթի և դառնա իշխանություն: ՀՀ-ում ազատ ընտրություններ են, բայց, իմ կարծիքով՝ այսօրվա պառլամենտական ընդդիմությունը պետք է շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին»: