Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարենորոգման օրակարգի ամբողջ իմաստը, նպատակն այն է, որ ոչ թե մենք կռահումներ կամ արտահոսքեր ունենանք, այլ ունենանք բարեվարքության ապահովման մեխանիզմներ: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Փաշինյանը բարձրաստիճան այլ հոգևորականների վերաբերյալ այլ տվյալներ ունի, որոնք վերաբերում են կուսակրոնության ուխտը խախտելուն:
Այս համատեքստում Փաշինյանը համեմատականներ անցկացրեց պաշտոնյաների և հոգևորականների միջև՝ նշելով, որ պաշտոնյաների դեպքում ստուգվում է վերջիններիս՝ բարեվարքության համապատասխանությունը, իսկ ՀԱԵ-ի բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպիտի՞ լինեն նման մեխանիզմներ:
«Մենք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարքության ստուգում է անցնում, բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ առհասարակ բարեվարքության մասին է, որը, որպես ինստիտուտ, ՀԱԵ-ում ներդրված չէ:
«Բարենորոգման առանցքային նպատակներից և օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի»,- ասաց նա: