ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը, ինչպես տեղեկացրել է հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան հոդվածով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց ազատել պետտուրքի և դրա չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, որով հիփոթեքի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում՝ կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը: Նախագծով նախատեսվում է ներդնել թվային նոր գործիքակազմ՝ իրավունքների ինքնաշխատ գրանցման ինստիտուտ, որը հնարավորություն կտա նաև քննարկվող պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացներ իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են տեխնիկական, խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ: