Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, համեմատած անցած տարվա նույն ամիսների հետ (այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատականը, ոչ թե նախորդող ամիսների), հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27 տոկոսով. դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18 տոկոսով: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Դա վկայում է այն մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանտյորները, բոլոր մասնագետները գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային օղակով ուղիղ կոնտակտ ունեն մեր քաղաքացու հետ:
Մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք, և ես դա քննարկման առարկա եմ դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ ցանցերի պետերի հետ հանդիպումներին, մեր աշխատանքային քննարկումներին: Նրանք արդեն իսկ գիտեն, որ, լինելով քաղաքական անձ, ես ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ: Իմ անձնական էջերին, ՀԷՑ-ի անձնական էջերին չկա մի գրություն, որին չանդրադառնանք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս հարցը, ընդգծեց՝ խնդրի վրա կենտրոնացումը հենց հոսանքազրկումների խնդրից է սկսվել, միաժամանակ հիշեցրեց, որ թեմային անդրադառնալիս այս իրավիճակն էներգետիկ ճգնաժամ է անվանել: