Չորս ամիսների արդյունքներով մենք ավելի քան 21 մլն դոլարի վարկային պարտավորությունների մայր գումարներ ենք մարել վաղաժամկետ, այսինքն՝ ֆինանսական որոշակի խնայողություններ էին գոյացել, որոնք ուղղել ենք վարկերի այն խմբերի մարմանը, որոնք ավելի բարձր տոկոսադրույք ունեին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ զեկուցեց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ երեկ ևս 10 մլն դոլարի պլանային վարկային պարտավորություն են մարել, որից 6,5 մլն-ը մայր գումարն էր:
«Ընդհանուր առմամբ ժամանակավոր կառավարչի նշանակման պահին ՀԷՑ-ը ծանրաբեռնված էր 396 մլն դոլարի հասնող վարկային պարտավորություններով, այդ թվում՝ թողարկված պարտատոմսերը. այս պահին այդ թիվը մոտեցել է 368 մլն-ի, այսինքն՝ շուրջ 28-30 մլն դոլարի վարկային պարտավորություններ մենք պատշաճ մարել ենք:
Ընդ որում՝ իմ նշանակման պահին ընթացիկ հարկային պարտավորությունները, աշխատավարձերը, բոլորը ՀԷՑ-ը կատարում էր՝ ներգրավելով լրացուցիչ վարկային միջոցներ ու օվերդրաֆտներ, քանի որ իր շրջանառու միջոցները՝ միլիարդավոր դրամների հասնող, տրված էր կապալառու փոխկապակցված ընկերություններին կանխավճարների տեսքով, այսինքն՝ սեփական շրջանառու միջոցները տրված էին իրավաբանական այլ անձանց, որոնք ծառայություն են մատուցում ՀԷՑ-ին»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ընկերությունները «Տաշիր» ընկերությունների խնբի մաս էին կազմում կամ աֆիլյացված պաշտոնատար անձանց ընկերություններ էին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լսել է՝ ՀԷՑ-ի անունով բանկից տոկոսով վարկ են վերցրել, բայց առանց տոկոսի տվել են այլ անձի, ընկերության:
Ռոմանոս Պետրոսյանը լուրը հաստատեց, ապա պարզաբանեց, որ ՀԷՑ-ը, 100 տոկոսով գրավադրված լինելով միջազգային բանկերում և ունենալով վերջիններիս նկատմամբ շուրջ 116 մլն դոլարի վարկային պարտավորություններ, պայմանագրային պարտավորություն ուներ որևէ տեսակի երաշխավորություն, գրավ, վարկային այլ միջոցներ ներգրավելու պարագայում թույլտվություն ստանալ. որոշակի սահմանաչափի դեպքում պարտավոր էր համաձայնություն ստանալ ՀԾԿՀ-ից, այլ սահմանաչափի դեպքում պետք է ստանար Կառավարության համաձայնությունը:
«Եվ ահա ՀԷՑ-ի կառավարիչները և տնօրենների խորհուրդը վերջիններիս որոշումներով 9 տարվա մեջ շուրջ 691 դոլարի հասնող երաշխավորություններ են տվել մի քանի տասնյակ ընկերությունների, «Տաշիր» ընկերությունների խմբին»,- ասաց նա: