2025 թվականի հունվարի առաջին օրերին ՀԷՑ պատասխանատուները նկատել են, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում: ՀԷՑ-ը ներքին ստորաբաժանում չուներ, 700 հազար սպառողների հաշվիչների ծավալների համակարգը սպասարկվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում՝ ռուսաստանյան ընկերությունների կողմից, որոնք կա՛մ ուղղակիորեն մաս են կազմում «Տաշիր» ընկերությունների խմբին, կա՛մ այդ ծառայություններն արտապատվիրակված են ռուսական ընկերություններին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ զեկուցեց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգն այդ փուլում, մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս, և ահա այդ 40-ից ավելի անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ կա՛մ կանխամտածված, կա՛մ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու պրոցեսի ընթացքում, որպեսզի սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն, և կարողանան այդ ամբողջն արխիվացնել, չգիտեմ, թե ինչ գործողության արդյունքում ջնջվել է 2018-2024 թվականների նոյեմբեր ամիսն ընկած [ժամանակահատվածի] տվյալների ամբողջ բազան»,- ասաց նա՝ նշելով, որ քրեական վարույթ կա նախաձեռնված:
Ռոմանոս Պետրոսյանը հատկանշական է համարում այն, որ ժամանակին տնօրեններն ու կառավարիչներն այդ փաստը թաքցրել են ՀԾԿՀ-ից, թեպետ ծառայողական քննություն են նշանակել, մեղավորների շրջանակ է դուրս բերվել:
«Ընդ որում՝ հաղորդում չէր ներկայացվել իրավապահներին՝ քննելու այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է անհետացել, քանի որ խոսքը 700 հազար մեր քաղաքացիների տվյալների մասին է, այսինքն՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կար նաև»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այն տվյալները, որոնք ջնջված են, արտացոլված են բազաներում, այն է՝ բիլինգի համակարգում:
Նիկոլ Փաշինյանն արձագաքնեց՝ հնարավորություն կա՞ այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ, եթե չկա, ինչպես պետք է պարզել՝ գրված թիվն ինչքանով է հիմնավոր:
«Դուք ասում եք՝ 1-2-3-4 հավելագրման դեպք է արձանագրվել: Եթե 1-2-3-4-ը եղել է, 5-6-7-8-9-10-ը եղել է, նշանակում է՝ 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է լինել՝ ռազմավարական նշանակություն ունեցող համակարգը, ռազմավարական նշանակության ինֆորմացիան ջնջվո՞ւմ է պատահաբար»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե հնարավոր է՝ այս կերպ փորձել են այդ թվում պարտակել ինչ-որ ինֆորմացիա: