Մեր ուսումնասիրությունների արդյունքում հավելագրումների, թերգրանցումների փաստեր ենք արձանագրել, ինչի հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ փաստերը դրվել են լիցենզիայից զրկելու կարևոր 6 կետերի հիմքում: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
Այս տարվա պլանով, ըստ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի, ՀԾԿՀ-ն սահմանել է միջինացված մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ: Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է: 7 տոկոսն ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է:
«Ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը, քանի որ երբ ուսումնասիրում ենք առաջավոր երկրների միջազգային վիճակագրությունը, այս ցուցանիշով թոփ 50 երկրների ցանկում ենք՝ հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի: Շատ զարմանալի էր, որ չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ՝ նման ցուցանիշներ են նկարվում»,- ասաց նա:
Ըստ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի՝ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան էր թերգրանցվում, այսինքն՝ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում էր, իսկ սպառողներն էլ վճարում էին: Ընդ որում՝ պետական, համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, որոնց վրա հավելագրումներ էին լինում:
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում կարող էին տեղի ունենալ մոնետիզացիայի գործարքներ:
«1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, որը 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիայի հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին, ու դրանով և տեխնիկական կորուստներն են նվազեցնում, մոտեցնում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության և պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառութան էլեկտրաէներգիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հավելագրումները մինչև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումն են եղել: