Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները Ժնևում բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ: Ըստ համատեղ հայտարարության՝ բանակցությունները եղել են կառուցողական և հարգալից: Կողմերը նախատեսում են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքները խաղաղության ծրագրի շուրջ:
Նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմն ավարտելու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար: Ավելի վաղ Թրամփը դժգոհել էր, թե Ուկրաինան երախտապարտ չէ ԱՄՆ-ին:
Ամերիկյան պատվիրակության ղեկավար պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ահռելի առաջընթաց է գրանցվել ամերիկյան ծրագրի շուրջ, սակայն դեռ աշխատանք կա անելու մի քանի կետերի, օրինակ՝ ՆԱՏՕ-ի դերակատարման շուրջ: Նա մանրամասներ չի հայտնել, սակայն շեշտել է՝ քննարկումների և առաջարկների արդյունքում փաստաթղթի նախագիծը դեռ կփոփոխվի: Ռուբիոյի խոսքով՝ Մոսկվան իր դիրքորոշումն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան կողմին: «Եթե ուկրաինական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա դա կներկայացվի Մոսկվային»,- հավելել է Ռուբիոն:
Ժնևում հանդիպում է տեղի ունեցել նաև եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ: Ռուբիոյի խոսքով՝ նրանց ներկայացվել է ձեռք բերված առաջընթացը: Նա շեշտել է՝ այն հարցերը, որոնք ներառում են Եվրոպան և ՆԱՏՕ-ն, հետագայում առանձին կքննարկվեն նրանց հետ: Այժմ պատվիրակությունները կենտրոնացած են հիմնականում երկկողմ հարցերի վրա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին քննարկումները որակել է բովանդակալից: «Կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ: Կարևոր է երաշխավորել, որ պատերազմն ավարտելուն ուղղված քայլերը լինեն արդյունավետ, և ամեն բան լինի իրագործելի»,- հայտարարել է նա:
Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը: Ուկրաինան պետք է նաև նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը՝ ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի: Կիևը նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ: Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ: Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսությանը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան