Կիրակի երեկոյան Իսրայելը հայտարարել է Բեյրութի արվարձանում կատարած հարվածի ժամանակ «Հըզբոլլահ» արմատական շիա շարժման շտաբի պետ Հայթհամ Ալի Տաբատաբայիի սպանության մասին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, 28-ը վիրավորվել են:
Խմբավորման հրամանատարական կառուցվածքում Տաբատաբային համարվում էր երկրորդ մարդը՝ գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմից հետո: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Տաբատաբային «ղեկավարել է «Հըզբոլլահի» ստորաբաժանումների մեծ մասը և ամեն ջանք գործադրել՝ վերականգնելու դրանց մարտական պատրաստության վիճակը Իսրայելի հետ պատերազմի համար»:
«Հըզբոլլահը» հաստատել է Տաբատաբայիի մահը և հայտարարել, որ ուսումնասիրում է պատասխան միջոցները:
Իսրայելի ԱԳՆ-ն պնդել է, որ բարձրաստիճան զինյալի սպանությունը տեղի է ունեցել «Հըզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է այդ հարձակումը և Իսրայելին մեղադրել հրադադարի համաձայնագրի պայմանները խախտելու համար: Նա միջազգային հանրությանը կոչ է արել «վճռականորեն և լրջորեն միջամտել՝ դադարեցնելու հարձակումները Լիբանանի և նրա ժողովրդի վրա»: