Իրանն իր դիրքորոշումներն ուղղակիորեն փոխանցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) և միջնորդների կարիք չունի, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Մեր ներկայացուցիչը Վիեննայում ակտիվորեն աշխատում է։ Մենք գործակալության անդամ ենք, հրապարակայնորեն ներկայացնում ենք մեր դիրքորոշումները և ուղղակի փոխանցում դրանք քննարկումների ժամանակ»,- այդ կերպ Բաղաեին պատասխանել է ԱԷՄԳ-ի հետ Իրանի փոխգործակցության և որոշ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի միջնորդական ջանքերի վերաբերյալ հարցին՝ հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Նոյեմբերի 20-ին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Թեհրանին ընդլայնել համագործակցությունը գործակալության հետ և տեղեկատվություն տրամադրել իր հարստացված ուրանի պաշարների մասին։ Բանաձևը ներկայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Նույն օրն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես դադարեցրել է սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված համաձայնագիրը՝ Իրանում ԱԷՄԳ-ի փորձագետների գործունեության վերսկսման պայմանների վերաբերյալ։
Սեպտեմբերի սկզբին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Կահիրեում գործակալությունն ու Իրանը համաձայնության են եկել թույլատրելու մասնագետներին մուտք գործել իրանական օբյեկտներ, որոնք չեն տուժել ռմբակոծություններից։
Հոկտեմբերի 18-ին լրացել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ժամկետը, որից հետո Իրանը հայտարարել է, որ «բոլոր դրույթները, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի և դրան առնչվող մեխանիզմների սահմանափակումները, համարվում են չեղյալ»։