Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունն ուղղակի կիսում է այն օրակարգը, որ առաջ է քաշել վարչապետը. դա գերակնհայտ է: Այսինքն՝ երկու թեմի առաջնորդ՝ հիմա, մի քանի քահանաներ՝ վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով բոլորն են խոսելու այս թեմայով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Դա ակնհայտ է նրանով, որ ընդդիմադիր մամուլը ստիպված է լինում օրը մի քահանայի, մի թեմի առաջնորդի թիրախավորել, վիրավորել և այսպես շարունակ: Ակնհայտ է այդ դինամիկան: Գերակնհայտ է:
Ինձ համար նաև ակնհայտ է, որ այն մարդիկ, որոնք հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են՝ Կտրիճ Ներսիսյանի կողմից դրված, ու, իմ կարծիքով՝ իրենց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծել, դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե իշխանական մամուլին»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը՝ «սլի՞վ» են անում Մայր Աթոռից, Ալեքսանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ «սլի՞վ» են անում, թե՞ ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում (եթե ձեզ համար նորություն կլինի էլի) շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում, հանգեցնում է այն մտքին, որ ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցականների բացարձակ մեծամասնությունն ուղղակի կիսում է այն օրակարգը, որն առաջ է քաշել վարչապետը»: