Ուկրաինան, ինչպես սպասվում է, զիջումներ կանի Ռուսաստանին՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած նոր խաղաղության ծրագրի։ Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը (AFP)։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել էր քննարկել Սպիտակ տան ծրագիրը, որում, ի թիվս այլ բաների, Ուկրաինայից պահանջվում է հրաժարվել տարածքների մի մասից՝ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների դիմաց:
Ծրագրի երկրորդ կետում նշվում է, որ Ուկրաինան, Ռուսաստանը և ԵՄ-ն կկնքեն «չհարձակման մասին համապարփակ համաձայնագիր», իսկ «վերջին 30 տարիների բոլոր վիճերը կհամարվեն կարգավորված»:
Ղրիմի թերակղզին, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները պետք է ճանաչվեն դե ֆակտո ռուսական, իսկ Խերսոնի և Զապորոժիեի շրջանները պետք է բաժանվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայիս ռազմաճակատի գծով՝ հետևում է պլանից։ Երկու երկիրն էլ պարտավորվում է հետագայում ուժով չփոխել սահմանները։ ՆԱՏՕ-ի զորքեր չպետք է տեղակայվեն Ուկրաինայում։
Թրամփի առաջարկած ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ֆինանսավորեն Ուկրաինայի վերականգնումը։ Այդ նպատակով նախատեսված է օգտագործել նաև ռուսական սառեցված ակտիվների 100 միլիարդ դոլարը։
Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է փաստաթղթից, Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար վերացվում են, իսկ Մոսկվան և Վաշինգտոնը երկարաժամկետ տնտեսական համագործակցության համաձայնագիր են կնքում:
Թրամփի առաջարկած ծրագիրը նաև նախատեսում է անհապաղ հրադադար խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո և «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում։ Պայմանագրի պահպանման հսկողությունն իրականացնելու է Խաղաղության խորհուրդը՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։