Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներն Անկարայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռեջեփ Էրդողանի հետ անդրադարձել են պաշտպանության ոլորտում հետագա գործակցությանը, պատերազմի հուսալի և արժանապատիվ ավարտի ուղիներին:
«Մենք և Թուրքիան դա նույն կերպ ենք տեսնում՝ խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն», - նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով՝ կարևոր է Անկարայի ակտիվ ներգրավվածությունը «կամեցողների կոալիցիայում, հատկապես դրա ռազմածովային բաղադրիչում:
Զելենսկին նաև հայտնել է, որ Էրդողանը քննարկումների տարբեր ձևաչափեր է առաջարկել, որոնց Կիևն աջակցում է:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են մոտեցնել հրադադարը և խաղաղության համար ճանապարհ հարթել: Նա կարևորել է ստամբուլյան բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Թուրքիա այցից առաջ Զելենսկին Իսպանիայում, Ֆրանսիայում և Հունաստանում ռազմական և էներգետիկ ոլորտներին առնչվող կարևոր համաձայնություններ է ձեռք բերել:
Այս ամենին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական նոր հարվածներից հրդեհներ են բռնկվել Դնեպրում և Պավլոգրադում: Տերնոպոլում նոյեմբերի 19-ի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորների թիվը գերազանցել է 90-ը:
Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերը երկրի տարբեր շրջաններում ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեխորտաժում: