Նախագծի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկ լրացուցիչ գործառույթ է ստանում, որով պետք է օրենքով նշված շրջանակի կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ իրականացնի և իրավասու մարմիններին առաջարկություններ ներկայացնի կոռուպցիոն ռիսկերի զսպման տեսանկյունից: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: