Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը մեկնել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք են բերվել պատմական պայմանավորվածություններ: Ընդգծվել է ռազմավարական գործընկերության ամրապնդման, տարածաշրջանային կայունության համար համատեղ ջանքերի կարևորությունը: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Բաքուն շահագրգռված է «Թրամփի ուղի» նախագծի աշխատանքներն արագացնելու հարցում։
Հուքերը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, խաղաղ կարգավորման օրակարգի առաջմղման և հաղորդակցությունների ոլորտում տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման հետ կապված հարցեր:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան