Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 10,7 մլրդ դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ 2025 թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող), մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց (որից 49-ը կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ևս 47-ը՝ կառուցվող դպրոց։ 2026 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն ընդհանուր թվով 308 դպրոցներ, որից 139-ը կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված:
Որոշմամբ գումար կհատկացվի Թալին համայնքի Կաքավաձոր և Ոսկեթաս բնակավայրերում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզների, Լոռու մարզի Լեռնավան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ դպրոցների վերանորոգման և հիմնանորոգման համար՝ Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոց, Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Մելիքգյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Հովտամեջի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի գ․ Գորայքի միջնակարգ դպրոց, գ․ Ախլաթյանի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Ե․ Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց: Գումար կհատկացվի հետևյալ դպրոցների կառուցման համար (ներառյալ՝ նախագծումը)՝ Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոց, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոց, Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց, Փշատավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոց: Արագածոտնի մարզի Հացաշենի մոդուլային. գ. Ագարակավանի, գ. Նոր-Ամանոսի, Գեղարքունիքի մարզի Արփունքի մոդուլային կրթահամալիրների կառուցման համար կհատկացի 1,810,500.0 հազար դրամ:
Անդրադառնալով «300 դպրոց» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ դրա թիվն արդեն անցել են. «Մեր տրամաբանությունն այն է, որ առաջին 300-ը ավարտում ենք և սկսում ենք երկրորդ 300-ը, որից մոտ 50-ում արդեն շինարարական աշխատանքները սկսվել են: Մեր շինարարության պորտֆելներն աճում են, սա նշանակում է, որ մեր շինարարության տեմպերը մեծացել, լավացել են: Սա նշանակում է, որ մեր և՛ կառավարչական, և՛ շինարարական հմտություններն ավելի են լավացել: Իհարկե, նաև շատ սկզբունքային է, որ մենք շարունակենք այցերը նոր բացվող դպրոցներ, ինչը շատ օգտակար է»: