Իմ կարծիքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են և տարել են դեպի թակարդ և պահել են թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս գործ չունենան քաղաքական դաշտում: Սա իմ կարծիքն է, և ես համոզված եմ, որ այդպես էլ պետք է լինի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր պատկերացումները 2026-ին սպասվող ընտրությունների վերաբերյալ:
«Ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ զզվել են նախկին-ներկա բանավեճերից, քննարկումներից, և էլ չեմ ասում, որ այդ խոսակցությունները, ցավոք, հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից:
Մենք նաև կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է, այնուամենայնիվ, արդեն դուրս գանք այս տրամաբանությունից, և քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի, առավել ևս՝ քաղաքական քննարկումների բովանդակության մեջ:
Հիմա դուք կասեք՝ ես էլ եմ այդ գործով զբաղվել: Ճիշտ կասեք: Դրա համար էլ ես կիրակի օրերին գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- ասաց նա: