Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին, անդրադառնալով երեխայի ծննդյան համար նախատեսված նպաստի թեմային, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ տեղեկացել է, որ ՀՀ-ում մշտապես չբնակվող երեխաներն էլ են այդ գումարը ստանում, ու դա անտրամաբանական համարեց:
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց՝ խոսքը Հայաստանից դուրս ծնված, և Հայաստանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում չգրանցված երեխաներին է վերաբերում. նրանք ստանում են և՛ ծննդյան միանվագ նպաստը, և՛ 50 հազարները:
«Պարզ է՝ ինչ է տեղի ունենում, այսինքն՝ երեխաները քաղաքացիություն չեն վերցնում,- ասաց նախարարը և հավելեց,- Միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել այն երեխաների համար, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն:
Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, ծնունդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կգրանցվեն, այսինքն՝ կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա:
Նույնը վերաբերում է 50 հազարներին: Եթե 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում կգա, կգրանցի, նպաստը կստանան գրանցման պահից, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում, այսինքն՝ գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա»,- ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրեն մտահոգում է այն, որ տարիներ շարունակ այդ գումարը երկրից դուրս է գնացել, և որ պետք է հստակ արձանագրել, որ չի կարելի նման բան անել:
«Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի: Մարդիկ այստեղ աշխատեն, Մոնտե Կարլոյում բան անե՞ն:
Ամենա՛յն հարգանքով: Սիրո՛ւմ ենք բոլորին»,- ասաց նա: