Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից և ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին: Առաջարկում ենք այս աջակցության ծրագիրն ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն՝ երրորդ և հաջորդ երեխային՝ 50 հազար դրամի չափով, մինչև 6 տարեկան: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի՝ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ կգործի հետվճարի մեխանիզմ նոր՝ 20 տոկոսանոց դրույքաչափով, որը հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, այս գումարը կդառնա 60 հազար դրամ: Այսինքն՝ ընտանիքները 50 հազարի փոխարեն հետվճարի մեխանիզմով անկանխիկ առևտրի դեպքում կարող են ստանալ 60 հազար դրամ:
Նախարարը նշում է, որ հետազոտութուններն ու միջազգային փորձը ցույց են տալիս, որ սա կարևոր ժողովրդագրական աջակցության ծրագիր է, նպաստում է ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծննդյանը:
«Այս ծրագրով, վերջին տվյալներով, հոկտեմբերի դրությամբ արդեն աջակցություն է ստանում 38,816 երեխա: Մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 մլրդ 840 մլն դրամ: Այն բավականին լայնածավալ, բավականին մասշտաբային ծրագիր է, և առաջարկում ենք դարձնել մշտական»,- ասաց նա: