Տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու պլանը վստահաբար կկատարենք մինչև դեկտեմբերի մեկնարկը, այսինքն՝ դեկտեմբերին, ինչպես պայմանավորվել էինք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի: Այս պահին 475 կիլոմետրն ավարտած ունենք: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ճանապարհների՝ տարեկան 500 կիլոմետրանոց պլանը կատարվե՞լ է կամ կկատարվի՞ մինչև տարեվերջ:
Փաշինյանը հիշեցրեց՝ այս տարի մի քանի խոշոր ծրագրեր են իրականացվել և իրականացվում. նախ Հյուսիս-հարավին հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածն ավարտվեց և ամիսներ առաջ շահագործման հանձնվեց, իսկ հիմա հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են: Մի ճանապարհը Թթուջուր-Նավուր ճանապարհն է, մյուսը՝ Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ և Իջևան խոշորացված համայնքները միացնում է իրար:
«Սա 25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ՝ ներկաներից կհիշե՞ն, թե՞ չեն հիշի, երբ Բերդում կային նախաձեռնություններ՝ անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ [կառուցելու], հիմա Բերդ խոշորացված համայնքը Տավուշի մարզի ներսում գործող 3 ճանապարհ ունի, այսինքն՝ հիմա ավարտվում է: Գործնականում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, կամ օրերի հարց է»,- ասաց նա:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասնեց՝ Թթուջուր-Նավուրն ամբողջությամբ ավարտված և կահավորված է: Գանձաքար-Իծաքարը ևս ամբողջությամբ ավարտված է. հիմա կահավորման, գծանշման աշխատանքներ են կատարվում:
Փաշինյանը շարունակեց՝ հիմա դեպի Բերդ գնացող երեք ճանապարհ կա, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքարով ճանապարհն էլ պլաններում է, դա էլ կհիմնանորոգվի, մինչդեռ նախկինում դա միակ ճանապարհն էր:
«Իմացա, որ հիմա Թթուջուր-Նավուրով դեպի Երևան եկողն ամենակարճ ճանապարհն է, որը, նույնիսկ ասում են, Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է»,- ասաց վարչապետը: