Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքի 24 սուբվենցիոն ծրագրեր:
Ֆինանսավորման շրջանակում Արագածոտնի մարզում կիրականացվի 1 ծրագիր, Արարատի մարզում՝ 2, Արմավիրի մարզում՝ 5, Գեղարքունիքի մարզում՝ 1, Լոռու մարզում՝ 3, Կոտայքի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 5 ծրագիր:
«Այս հաստատումով արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 մլդ 52 մլն դրամ»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրերը, որոնք վերաբերում են գազատարի կառուցմանը, փողոցների գազիֆիկացմանը, ջրամատակարարման ցանցի կառուցմանը, ջրահեռացման համակարգի կառուցմանը, ճանապարհների, նաև ներհամայքային ճանապարհների ասֆալտապատմանը, հիմնանորոգմանը, լուսավորության ցանցի անցկացմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, մսուր-մանկապարտեզի կառուցմանը և այլ ծրագրերի: