Չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկության օգտին՝ «Էներգոատոմ» պետական ձեռնարկության շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
«ՌԲԿ-Ուկրաինայի» տվյալներով՝ նախարարները նիստին ներկա չեն եղել։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար է նշանակվել եվրաինտեգրման հարցերով պատասխանատու փոխնախարար Լյուդմիլա Սուգակը։ Գրինչուկի փոխարինողի անունը դեռևս չի հայտարարվել։
Արդարադատության և էներգետիկայի նախարարների պաշտոնանկությունը կատարվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պահանջով: Պետության ղեկավարը նշել է, որ նրանք «չեն կարող մնալ իրենց պաշտոններում» կոռուպցիայի հետաքննության ֆոնին:
Գերագույն ռադան պլանավորել էր նախարարների վերաբերյալ որոշում կայացնել նոյեմբերի 18-ին: Սակայն խորհրդարանի նիստում ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունն արգելափակել էր ամբիոնը՝ պահանջելով Յուլյա Սվիրիդենկոյի ամբողջ կառավարության պաշտոնանկությունը, այլ ոչ միայն երկու նախարարինը: