ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմ Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության և երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել է այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։