ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիին։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր երկրների միջև՝ միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։
Երկուստեք վերահաստատել ենք պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հայ-իրանական սահմանում «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծի ներդրման ուղղությամբ։
Անդրադարձել ենք ՀՀ-ԻԻՀ մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման մանրամասներին, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ հարցին։
Մաքսային բարեփոխումներով նախատեսում ենք առաջիկա տարիներին սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։
Ընդգծել եմ, որ ներկայում հասել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև զգալի աճ ենք գրանցել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում»,- նշված է գրառման մեջ։