«Մարտի 1»-ն այն մասին է, որ պետությունը, ՀՀ-ն կիրառեց մահաբեր զենք ժողովրդի իշխանությունը հաղթահարելու համար, և այս մահաբեր զենքի կիրառման հետևանքով սպանվեց 10 անձ, և բազմաթիվ անձինք ստացան վիրավորումներ: Այդ մասին իր զեկույցի ժամանակ Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների նեկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Ըստ նրա՝ 2008-ից մինչև 2018 թվականը տուժողների, տուժողների իրավահաջորդների և վարույթ իրականացնող մարմնի միջև հաղորդակցություն չի եղել, այն է՝ հաղորդակցությունը եղել է զրո:
«2018-ին ժողովրդի իշխանության վերականգնման արդյունքում այս հաղորդակցությունը սկսվել է, այն տևել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ՝ եղել է բավարար արդյունավետության, բայց կարող էր լինել առավել արդյունավետ: Այնուհետև նորից ընդհատվել է այս համագործակցությունը կամ նախաքննության շրջանակում լրացուցիչ ջանքի ներդրումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լրացուցիչ ջանասիրության արդյունքում է, որ հետագայում դատարան ուղարկվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ գործը:
«Բայց դրանից հետո մենք սկսեցինք նորից ունենալ ձախողումներ և տապալումներ, նորից խզվեց կապը ինչպես դատաքննության, այնպես էլ նախաքննության մարմինների հետ, և մինչև օրս չի վերականգնվել»,- ասաց նա՝ նշելով, որ գործին առնչվող նոր բացահայտումներին, մանրամասներին ծանոթացել է այսօր՝ խորհրդարանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ:
Ըստ այդմ՝ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն ընդգծեց՝ պետական մարմինների աշխատանքի կառավարման արդյունավետության խնդիր կա: