Մեր ունեցած տվյալների համաձայն՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ՌԴ-ում են: ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում. այս պահին դա Քիշնևի կոնվենցան է: Բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ այս մարդանց արտահանձնելու: Թեև նշեմ, որ առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործին առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ են «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող պաշտոնյաները, այդ պետությունների հետ ՀՀ-ն էքստրադիցիայի համաձայնագիր ունի՞, և, առհասարակ, ի՞նչ է արվել այդ մարդկանց հետ ստանալու համար:
«Մինչդատական վարույթում գտնվող գործով ունենք նաև Գևորգ Կոստանյանի և նրա կնոջ կողմից պաշտոնական և ոչ միայն պաշտոնական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված… որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում, և այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը:
Նշեմ, որ Կոստանյանները, բացի «Մարտի 1»-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման համար, և այս պահին դատարանում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը ՀՀ տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,- ասաց նա:
Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են Մարտի 1-ից հետո պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծմամբ գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով: Այսինքն՝ դրանք ոչ թե կապված են բուն Մարտի 1-ի գործողությունների հետ, այլ հետագայում կատարված դիրքային չարաշահումների: