Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային մեղավոր է ճանաչել 2024 թվականին բողոքի ցույցերը դաժանորեն ցրելու ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Նախկին վարչապետը դատապարտվել է մահապատժի, սակայն մոտ մեկ տարի առաջ նա փախել էր Հնդկաստան և Բանգլադեշի անվտանգության ուժերի համար անհասանելի է։
78-ամյա Հասինայի հետ մեղավոր է ճանաչվել նրա կառավարության ևս երկու պաշտոնյա՝ ներքին գործերի նախկին նախարարն ու նախկին ոստիկանապետը:
Դատարանի դահլիճում ներկա է եղել միայն վերջինը. նա խոստովանել է իր մեղքը և դատավարության ժամանակ ցուցմունք տվել որպես մեղադրանքի վկա։
Բանգլադեշում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի հուլիսին և վերածվել անվտանգության ուժերի հետ արյունալի բախումների, որոնց հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։
Ցույցերը կազմակերպել էին ուսանողները, որոնք պահանջում էին փոխել այն համակարգը, որի դեպքում պետական հատվածում աշխատատեղերի մեկ երրորդը վերապահված էր 1971 թվականի Պակիստանից անկախության պատերազմի վետերանների հարազատներին:
Ուսանողները գործող համակարգը անվանել են խտրականություն և պահանջել, որ աշխատանքի ընդունումը հիմնված լինի յուրաքանչյուր թեկնածուի որակավորման վրա։
Ոստիկանության հետ բախումների ֆոնին Բանգլադեշի իշխանությունները գրեթե ամենուրեք անջատել էին ինտերնետը, իսկ որոշ շրջաններում՝ հեռախոսագծերը։ Մայրաքաղաքում գործում էր պարետային ժամ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր կիրառել։