Եվրահանձնաժողովն աջակցել է Հունաստանի և ամերիկյան ExxonMobil-ի միջև կնքված համաձայնագրին՝ Հոնիական ծովում գազի հետախուզման վերաբերյալ, նշելով, որ ԱՄՆ-ի նման գործընկերների հետ համագործակցությունը կօգնի Եվրոպային վերջապես հրաժարվել ռուսական գազից, հաղորդում է Euractiv-ը։
Աթենքը հայտարարել է, որ փորձնական հորատումը նախատեսված է ավարտել մինչև 2027 թվականի սկիզբը, և եթե պաշարներն առևտրային առումով շահավետ լինեն, արդյունահանումը կսկսվի 2030 թվականին և կշարունակվի առնվազն տասը տարի։
Բրյուսելը չի առարկել, Եվրահանձնաժողովում պարբերականի աղբյուրն էլ պարզաբանել է, որ ԵՄ-ի գլխավոր առաջնահերթությունը մնում է ռուսական գազի ներկրումից հրաժարվելը ոչ միայն մատակարարումների դիվերսիֆիկացման ճանապարհով, այլև հուսալի էներգետիկ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով:
Գազի հետախուզումից բացի, Հունաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է իր առաջին երկարաժամկետ համաձայնագիրը՝ հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման վերաբերյալ։ Խոսքը 2030 թվականից սկսած տարեկան 700 մլն խմ LNG-ի գնման մասին է: