Ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները՝ ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացրել եմ մի շարք վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ ՀԷՑ-ում։ Մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ, տևական շրջան ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցնելը ՀԾԿՀ-ից և իրավասու վերահսկողական և տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, բերել-հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր վարչական վարույթ հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով։ Այդ մասին լրագրողներին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարից Ռոմանոս Պետրոսյանը։
«Իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ, ենթադրաբար, ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որը ես տիրապետում եմ և իրավասու եմ այդպիսի ենթադրություն անելու»,- նշեց նա։
«Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Սպասեք Սահմանադրական դատարանի վճռին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով գործընթացի հակասահմանադրական լինելու վերաբերյալ մեղադրանքներին։
«Ես վստահ եմ, որ գործընթացն օրենքի շրջանակում է։ Ես համոզված եմ, քանի դեռ ՍԴ-ն հակառակը չի վճռել»,- նշեց նա։
ՀԷՑ-ում իրավիճակը կոծկելու վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում և ՔԿ-ում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ։ «Քննվում են բոլոր այն փաստերը, որոնց մասին ես ասացի, և կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։