Բյուջեում, ըստ էության, արտահայտված են կառավարող թիմի քաղաքական կամքը, համոզմունքները, արժեհամակարգը և վերանձնային երազանքները: Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ այս բյուջեով ավելի ենք մոտենում մեր նպատակներին՝ կրթված, առողջ, ուժեղ հասարակությամբ, տնտեսապես զարգացող և խաղաղ պետություն ունենալու մեր հարյուրամյա, եթե ոչ մեր հազարամյա երազանքին»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ երեկ և այսօր շատ է հնչել այն միտքը, որ այս բյուջեն խաղաղության բյուջե է:
«Եվ իրապես, հիմա մենք պատմական հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, որտեղ հայ ժողովուրդը կանգնած չէ գոյաբանական հարցի առաջ, որտեղ հայ ժողովուրդն ունի իր ամուր պետությունը, երբ հայ ժողովուրդն իր միտքն ու ներուժը կարող է կենտրոնացնել սեփական հայրենիքի, սեփական պետության զարգացման վրա:
Մենք պատմականորեն մի հանգրվանում ենք, սիրելի՛ հայրենակիցներ, երբ առաջին անգամ քննարկում ենք մեր ապագան խաղաղության պայմաններում և առաջին անգամ քննարկում ենք վստահ, քննարկում ենք մեր խաղաղ ապագան»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսելով բյուջեի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բյուջեն կարող ենք տեսնել ու շոշափել՝ երթևեկել մեր կառուցած ճանապարհներով, կարող ենք հաճախել ժամանակակից դպրոցներ ու մանկապարտեզներ, ունենալ գեղեցիկ և խնամված բնություն, մեզ անվտանգ զգալ մեր երկրում, պաշտպանվել արտաքին վտանգներից, բայց անկյունաքարայինն այն է, որ այդ ամենի հեղինակը ՀՀ քաղաքացին է, ում քրտնաջան աշխատանքի ու վճարած հարկերի շնորհիվ է հնարավոր դառնում այս ամենը:
«ՀՀ քաղաքացու շնորհիվ է, որ հիմա մենք ինքնուրույն ենք և ազատ: Չափազանց կարևոր է, որ բյուջեում արտահայտված են ՀՀ բոլոր համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը միայն ապագայի մասին չեն, այլ նաև ներկայի, քանի որ շատերն այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքի:
Հովհաննիսյանը, խոսելով ծրագրերի մասին, ասաց՝ դրանց արդյունքում կենտրոն պետք է դառնա այն վայրը, որտեղ ՀՀ քաղաքացին է, և կապ չունի՝ նա որտեղ է բնակվում:
ՔՊ խմբակցության քարտուղարի խոսքով՝ արվածը դեռևս բավարար չէ, սակայն իրենք արել ու անում են առավելագույնը՝ վերջնանպատակին հասնելու համար:
«Ժամանակակից բովանդակությամբ և շենքային պայմաններով դպրոցների ու մանկապարտեզների շնորհիվ մենք հաստատապես ունենալու ենք նոր որակի պետություն և ավելի մեծ երազանքներով ու այդ երազանքներին հասնելու համար ավելի մեծ հնարավորություններով հասարակություն»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այդ դպրոցներում սովորած քաղաքացիներին այլևս հնարավոր չի լինելու պահել խավարամտության մեջ, հնարավոոր չի լինելու խաբել, կաշառել, ստել:
Նրա խոսքով՝ մեր հասարակության կրթվածությամբ է, որ պետք է փակենք և փակելու ենք 2018-ից առաջ և դրանից շատ առաջ մեզանում արմատացած շատ երևույթներ:
«Եվ սրա համար են անհոգնել ընդդիմախոսները պայքարում դպրոցաշինության ծրագրերի և զարգացման ցանկացած ծրագրի դեմ, որովհետև զարգացած հասարակությունը չի կարող հանդուրժել ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ, որովհետև կրթված հասարակությունում չի կարող լինել 1998 թվական, որտեղ ոչ Հայաստանի քաղաքացին կարող է գալ և զավթել իշխանությունը»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսօր, այս պահին հանգիստ սրտով կարող ենք անել այն արտահայտությունը, որ ընդդիմադիր ժամանակներում մշտապես հնչել է ՀՀ-ում՝ Մենք ենք տերը մեր երկրի:
«Եվ սա անշրջելի է»,- խոսքը եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը: