Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հռչակագիր են ստորագրել երկու երկրների միջպետական հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային մակարդակի բարձրացնելու մասին:
Մեկնաբանելով հռչակագրի ստորագրումը՝ Տոկաևը նշել է, որ «փաստաթուղթն ունի պատմական նշանակություն, արտացոլում է փոխվստահության անսասանությունը և մեր ժողովուրդների միջև համագործակցության լայն հեռանկարները»:
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանի և Ռուսաստանի ռազմավարական նպատակն է փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի: 2024 թվականի արդյունքներով` երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 28 մլրդ դոլար, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսներին գերազանցել է 17 մլրդ դոլարը։
Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ փոխանակվել են տնտեսության, տրանսպորտի, տիեզերքի, կրթության, էկոլոգիայի և անվտանգության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր: