ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժղովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը նոյեմբերի 3-7-ը Կորեայի Հանրապետությունում մասնակցել են Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) նախաձեռնած մեդիա կարողությունների զարգացման ծրագրին։
Ծրագրին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության, Հարավային Աֆրիկայի, Թայվանի և Մալդիվների Հանրապետության ԿԸՀ-ներից ներկայացուցիչներ։

Մասնակիցները նախ ներկայացրել են իրենց երկրների ընտրական և կառավարման համակարգերը, ապա ծանոթացել Կորեայի Հանրապետության ընտրական մարմնի աշխատանքի հիմնական առանձնահատկություններին։
Աշխատաժողովի հիմնական թեմաներն են եղել ընտրական համակարգի վրա հնարավոր կիբեռհարձակումները, ապատեղեկատվության դեմ պայքարը և ռազմավարական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութերին, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին։
Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին՝ հիմնադրվելուց ի վեր, ասոցիացիան խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։
ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հոկտեմբերին՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 6-րդ գագաթնաժողովում, ընտրվել է գործադիր խորհրդի անդամ։
Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանի Հանրապետությունում։